16.07.2018

Արտեմ Ալիխանյան - Հայաստանում գիտության լուսավորիչը

Տիեզերական ճառագայթներն ինձ համար այնքան թանկ են, ինչքան առաջին սերը: Տիեզերական ճառագայթները ֆիզիկայի համար իրական Էլդորադո են: Մենք պետք է հարմարություններ ստեղծենք Արագած լեռան վրա: Գիտությունը հարմարություն է պահանջում, դա շատ պարզ է: 
- Արտեմ Ալիխանյան

Արտեմ Ալիխանյան
Արտեմ Իսահակի Ալիխանյանը ծնվել է 1908թ. հունիսի 24-ին՝ Ելիզավետպոլում, Ռուսական Կայսրությունում, երկաթգծի ինժեների և տնային տնտեսուհու ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է ընտանիքում, կանոնավոր դպրոց չի հաճախել: Թիֆլիսի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լենինգրադի պետական համալսարան:

1930թ. մինչև համալսարանն ավարտելն աշխատանքի է անցել Լենինգրադի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում, որտեղ աշխատել է իր ավագ եղբոր՝ Աբրահամ Ալիխանովի հետ: Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը նրանք հիմնարար հետազոտություններ են իրականացրել բետա-քայքայման ուսումնասիրման ուղղությամբ, հայտնաբերել են գամմա-ճառագայթների ներքին կոնվերսիան և փորձնականորեն հաստատել են էներգիայի պահպանումը պոզիտրոնային աննիհիլյացիայի ժամանակ: 
Լենինգրադի բլոկադայի ժամանակ Ալիխանյանն իր գործընկերների հետ աշխատել է սինխրո-ցիկլոտրոնային արագացուցչի պրոյեկտի մշակման վրա, որն ի վերջո 1955թ. կառուցվել է Դուբնայում:

Իրենց հետազոտությունների համար Ալիխանյան եղբայրներն արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի, չլինելով Կոմունիստական կուսակցության անդամներ:

1942թ. Ալիխանյան եղբայրներն իրենց հետազոտությունը սկսել են Արագած լեռան վրա, որտեղ էլ՝ 3250մ բարձրության վրա, հիմնել են Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը: Նրանք հայտնաբերել են տիեզերական ճառագայթների այսպես կոչված "նեղ հեղեղներ" և հաստատել մեծ էներգիայով մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում: 

"Արագածում երբեմն ստիպված էինք լինում աշխատել մինչև 20 ժամ: Սակայն, ոչ ոք չէր ասում. "Ցուրտ է": Բոլորն ասում էին. "Ցուրտ է սարքերի աշխատանքի համար" (մեջբերում ԵրՖԻ 70-ամյակին՝ 2015թ. հրատարակված գրքից):

1948թ. Աբրահամ Ալիխանովը և Արտեմ Ալիխանյանը կրկին արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի՝ տիեզերական ճառագայթների ուսումնասիրման համար:

Հետագայում եղբայրները մասնակցել են Գիտությունների Ազգային Ակադեմիայի հիմնադրմանը: 1943թ. Արտեմ Ալիխանյանի ջանքերով հիմնադրվել է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտը: Հետագայում շուրջ 30 տարի հենց նա է ղեկավարել այդ ինստիտուտը: 

1956թ. Հարվարդի համալսարանից Արտեմ Ալիխանյանին հրավիրել են դասախոսության:
Ալիխանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր՝ ԵՊՀ-ում, Ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ՝ Լեբեդևի ինստիտուտում: Արագածի գիտահետազոտական կայանից բացի նա հիմնադրել է նաև Նոր Ամբերդի կայանը:

Արտեմ Ալիխանյանն առանձնացել է նաև որպես բարի և քաղաքակիրթ անձնավորություն: Նա մշտապես լավ հարաբերությունների մեջ է եղել տարբեր գիտնականների հետ և ակտիվորեն աջակցել գիտնականների միջազգային համագործակցությանը: 

Արկադի Միգդալն Ալիխանյանի մասին ասել է. "Նրան տրված էր հայկական այդ հողակտորի "դեմքը" փոխելը, և նա, որպես Հայաստանում ֆիզիկա գիտության հիմնադիր, կարող է դասվել Հայաստանի լուսավորիչների շարքին":

1967թ. Արտեմ Ալիխանյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչմանը:

1973թ. սովետական բարձրաստիճան գործիչների հետ կոնֆլիկտի պատճառով հեռացել է ԵրՖԻ-ից և մեկնել Մոսկվա: Մահացել է 1978թ. Մոսկվայում, աճյունն ամփոփված է Երևանում:

"Բարև, ես եմ" ֆիլմի հիմքում Արտեմ Ալիխանյանի կենսագրությունն է: 

Երևանի Ֆիզիկայի ինստիտուտն այժմ կոչվում է Արտեմ Ալիխանյանի անունով:

Комментариев нет:

Отправить комментарий