Ինչպես տեղեկացնում է Popular Science-ը գիտնականները պարզել են, որ Մարս մոլորակի մակերևույթը շատ տոքսիկ է՝ բակտերիաների գոյության համար, սակայն կարմիր մոլորակում կյանքի որոնումները դեռևս շարունակվում են:
Մարսը սառը մոլորակ է, որն ունի նոսր մթնոլորտ և «ընկղմված է» տիեզերական ճառագայթումների մեջ: 2008թ. Phoenix տիեզերական սարքով կատարված հետազոտությամբ հաստատվել է, որ նրա մակերևույթը հարուստ է պերքլորատներով՝ քլորական թթվի աղերով, որոնք բարձր ջերմաստիճանում հանդիսանում են ուժեղ օքսիդանտներ, իսկ սենյակային և ավելի ցածր ջերմաստիճաններում կայուն միացություններ են: Պերքլորատների կազմում քլորի օքսիդացման աստիճանը +7 է, ինչը նշանակում է, որ դրանք կարող են հանդիսանալ էլեկտրոնների ակցեպորներ միկրոօրգանիզմների աճմանն անհրաժեշտ էներգիայով ապահովման համար:
Էդինբուրգի համալսարանի հետազոտողները փորձել են պարզել, թե պերքլորատներն ինչպես են ազդում Մարսի միկրոօրգանիզմների վրա: Այդ նպատակով նրանք իրականացրել են մի շարք հետազոտություններ: Հետազոտության օբյեկտ են հանդիսացել Bacillus subtilis բակտերիաները, որոնք հաճախ են հանդիպում տիեզերանավերում: Այս միկրոօրգանիզմների կենսունակությունը դիտարկվել է պերքլորատների միջավայրում և տարբեր անբարենպաստ պայմանների համակցությամբ, որոնցից են ՈւՄ-ճառագայթումը, անթթվածին պայմանները և ցածր ջերմաստիճանը: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports-ում:
Մարս մոլորակի մթնոլորտը շատ նոսր է՝ այն ճառագայթումից պաշտպանելու համար: Այդ պատճառով էլ հետազոտողներին հետաքրքրում էր հատկապես պերքլորատների և ՈւՄ-ճառագայթման համակցված ազդեցությունը մանրէների վրա, որին նրանք ենթարկվում են Մարս մոլորակում: Միայն ՈւՄ-ճառագայթումը մահացու է մանրէների համար, սակայն պերքլորատների միջավայրում և միաժամանակ ճառագայթման պայմաններում 30վրկ անց գրանցվել է փորձանմուշների ամբողջական ստերիլիզացում: Մինչդեռ առանց ճառագայթման, միայն պերքլորատների միջավայրում գտնվող բակտերիաները պահպանել են իրենց կենսունակությունը, երբ հետազոտողները նրանց թողել են փորձանոթում 1 ժամ:
Ցածր ջերմաստիճանի և պերքլորատների համակցումը դրական ազդեցություն է թողել բակտերիաների կենսունակության վրա՝ նվազեցրել է ճառագայթման բակտերիոցիդ ազդեցությունը:
Ուսումնասիրվել է նաև Մարսի մակերևույթին հայտնաբերված մյուս 2 բաղադրիչների՝ երկաթի օքսիդների և ջրածնի պերօքսիդի հետ ճառագայթված պերքլորատների համատեղ ազդեցությունը, ինչը նույնպես բարձրացնում է բջիջների մահացության աստիճանը:
Հետազոտողները եզրակացրել են, որ Մարսի մակերևույթի պերքլորատներն ուժեղացնում են ՈւՄ-ճառագայթման բակտերիոցիդ ազդեցությունը: Հետազոտողներից մեկի՝ Ջեննիֆեր Ուոդսվորթի խոսքերով, չնայած Մարսի մակերևույթը կարող է լինել անբնակելի, բայց այնտեղ կան բազմաթիվ խորշեր, որոնք պետք է ուսումնասիրվեն: Մարսի մակերևույթը պետք է փորել առնվազն մի քանի մետր խորությամբ՝ ճառագայթման մակարդակը չափելու նպատակով, որը պետք է ավելի ցածր լինի: Այդ դեպքում հնարավոր է Մարսի վրա կյանքի գոյությունը:
Մինչ դեպի Մարս մոլորակ տիեզերանավ ուղարկելը, NASA-ն միլիոնավոր դոլլարներ է ծախսում սարքը մանրէնրից ախտահանելու համար՝ այդ մոլորակը չաղտոտելու նպատակով: Հարցին, թե արդյո՞ք պետք է շրջանցել այս քայլը, եթե Մարսի հողի արտաքին շերտն ինքն իրենով այդքան մահացու է, Ուոդսվորթը պատասխանել է. «Ո՛չ: Կյանքը կարող է գոյություն ունենալ շատ ծայրահեղ պայմաններում: Բակտերիան, որը մեր հետազոտության օբյեկտ է հանդիսացել էքստրեմոֆիլ չէ, այնպես որ չի բացառվում կյանքի ավելի բարդ ձևերի հայտնաբերումը այդ պայմաններում: Մարս մոլորակը չաղտոտելու նպատակով կարևոր է հետևել բոլոր նախազգուշական միջոցներին»:
Միջազգային տիեզերական կայանում կատարված փորձարկումները ցույց են տվել, որ բակտերիաները կարող են գոյատևել հարյուրավոր օրեր՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների, ինտենսիվ ճառագայթման և վակուումի պայմաններում: Աստղակենսաբան Դիրկ Շուլցե-Մակուշը նշել է, որ Մարսը մեծ մոլորակ է և պերքլորատները կարող են ամենուրեք տարածված չլինել:

Комментариев нет:
Отправить комментарий