24.07.2018

Ֆրենսիս Կելսի - հազարավոր երեխաների մոտ բնածին արատների առաջացման կանխարգելողը

Ֆրենսիս Կելսի
Ֆրենսիս Քեյթլին Օլդհեմ Կելսին կանադացի բժիշկ և դեղագետ է: Նա ծնվել է 1914թ. հուլիսի 24-ին, Բրիտանական Կոլումբիայում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Վիկտորիա քոլեջում, այնուհետև ընդունվել է Մակգիլի համալսարան՝ դեղագիտության բաժին: 1935թ. ստանալով մագիստրոսի որակավորում, պրոֆեսորներից մեկի խրախուսմամբ Ֆրենսիսը նամակով դիմում է դոկտոր Գեյլինգին՝ Չիկագոյի համալսարանի դեղագիտության նորաստեղծ բաժանմունքի ասպիրանտուրայում ուսանելու համար: Գեյլինգը ենթադրելով, որ Ֆրենսիսն արական սեռի ներկայացուցիչ է, առաջարկում է ասպիրանտական տեղ: 1936թ. նա սկսում է իր ուսումը Չիկագոյի համալսարանում, որտեղ էլ հանդիպում է իր ապագա ամուսնուն՝ Ֆրեմոնտ Էլլիս Կելսիին:

Չիկագոյի համալսարանում Կելսիի ուսումնառության 2-րդ տարում Գեյլինգն ամերիկյան սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկման գործակալության (Food and drug administration, FDA) հանձնարարությամբ զբաղվում էր սուլֆանիլամիդային էլիքսիրի, սուլֆոնամիդի հետ կապված արտասովոր մահվան դեպքերի հետազոտությամբ: Ֆրենսիս Կելսին նույնպես ընդգրկված էր այս նախագծում: Հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ ավելի քան 100 մարդկանց մահվան պատճառն այն էր, որ դեղարտադրող ընկերությունը դեղամիջոցի արտադրման ժամանակ որպես լուծիչ օգտագործել էր դիէթիլենգլիկոլ:

Գեյլինգի հետ կատարած հետազոտությունները Կելսիի մոտ հետաքրքրություն են առաջացնում տերատոգենների նկատմամբ, որոնք հանգեցնում են երեխաների մոտ բնածին արատների առաջացմանը: 

1938թ. Ֆրենսիս Կելսին ավարտում է ասպիրանտուրան, սակայն շարունակում է աշխատել Չիկագոյի համալսարանի դեղագիտության ֆակուլտետում: Աշխատանքային կարիերայի սկզբնական շրջանում բազմաթիվ դեղագետների նման Կելսին զբաղվում է մալարիայի դեմ սինթետիկ դեղամիջոցների որոնումներով: Այդ ընթացքում նա պարզում է, որ մի շարք դեղամիջոցներ կարող են թափանցել ընկերքի պատնեշով:  

1954թ. Կելսիների ընտանիքը տեղափոխվում է Վերմիլիոն քաղաք, Հարավային Դակոտա: Ֆրենսիս Կելսին սկսում է աշխատել Հարավային Դակոտայի համալսարանում որպես դեղագիտության դասախոս: Կելսին երկքաղաքացի էր Կանադայում և ԱՄՆ-ում:

1960թ. Ֆրենսիս Կելսին աշխատանքի է անցնում ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկման գործակալությունում (FDA): Այստեղ նրա առաջին հանձնարարություններից մեկը ԱՄՆ-ում տալիդոմիդ դեղամիջոցի վաճառքի թույլտվության հայտն էր: Այդ դեղամիջոցը որպես ցավազրկող, հատուկ ցուցումներով նշանակվում էր նաև հղի կանանց՝ առավոտյան թույլ զգալու, սրտխառնոցների դեմ:  Չնայած այն բանին, որ այս դեղամիջոցի վաճառքը հաստատվել էր Կանադայում, ինչպես նաև՝ մի շարք եվրոպական և աֆրիկյան երկրներում, այնուամենայնիվ Կելսին ձգձգում էր դեղամիջոցի վաճառքի հաստատումն ԱՄՆ-ում: Նա անհանգստացած էր այդ դեղամիջոցի կողմնակի ազդեցություններով և պահանջեց լրացուցիչ հետազոտություններ իրականացնել: Այդ հետազոտությունների արդյունքում տալիդոմիդի վաճառքի թույլտվության հայտը մերժվեց: 

1961թ. Գերմանիայից և Միացյալ Թագավորությունից տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ հղիության ընթացքում տալիդոմիդ դեղամիջոցն օգտագործելու պատճառով ծնվել են ծանր արատներով երեխաներ: Հետազոտությունները ցույց տվեցին, որ տալիդոմիդը կարողանում է թափանցել ընկերքով և բնածին արատների պատճառ է դառնում: 

ԱՄՆ-ում նման ողբերգության կանխման համար Կելսին հայտնվեց The Washington Post օրաթերթի առաջին էջին որպես հերոսուհի: Օրաթերթի հոդվածում ասվում էր. "Կելսին կանխեց հարյուրավոր, գուցե նաև հազարավոր անոտք և անթև երեխաների ծնունդը": Այս դեպքից հետո դեղամիջոցների թեստավորումը խստացվեց: 
Ֆրենսիս Կելսին և Ջոն Քենեդին
Աղբյուրը՝ The Telegraph

ԱՄՆ-ում տալիդոմիդի վաճառքն արգելելու համար Ֆրենսիս Կելսին արժանացավ նախագահի մրցանակի՝ նշանակալի քաղաքացիական ծառայության համար, նախագահ Ջոն Քենեդու կողմից: 

Հետագայում Կելսին շարունակեց իր աշխատանքը սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկման ամերիկյան գործակալությունում: Շուրջ 45 տարի աշխատանքից հետո, 90 տարեկան հասակում՝ 2005թ. Ֆրենսիս Կելսին լքեց FDA-ը: 2010թ. FDA-ը սահմանեց Հանրային առողջության պահպանման Կելսիի անվան գերազանցության և խրախուսական մրցանակ, որն ամեն տարի շնորհվում է աշխատակիցներից մեկին, ընդ որում՝ առաջին մրցանակակիրը հենց Ֆրենսիս Կելսին է:

Ֆրենսիս Կելսին մահացել է 2015թ.՝ 101 տարեկան հասակում: Մահվանից ժամեր առաջ նրան այցելել էր Օնտարիոյի նահանգապետ Էլիզաբեթ Դաուդեզուելը և հանձնել "Կանադայի օրդեն" պատվո շքանշանը՝ տալիդոմիդի դեմ պայքարում ունեցած անգնահատելի դերի համար:

Комментариев нет:

Отправить комментарий