Բոլոր կենդանի օրգանիզմներն ունեն ԴՆԹ, որը ժառանգական ինֆորմացիան կրող և այդ ինֆորմացիան հետագա սերունդներին փոխանցող մոլեկուլն է:
ԴՆԹ-ն անջատվել է 1869թ. Ֆրիդրիխ Միշերի կողմից: Սակայն, 1944թ. Օսվալդ Էվերիի, Կոլին Մակլաուդի և Մակլին Մակկարտիի կատարած հետազոտությամբ է հաստատվել, որ հենց ԴՆԹ-ն է հանդիսանում ժառանգական ինֆորմացիայի կրողը և փոխանցողը: Մինչ այդ գիտության մեջ երկար ժամանակ իշխում էր այն կարծիքը, որը ժառանգական ինֆորմացիան կոդավորված է ոչ թե ԴՆԹ-ում, այլ սպիտակուցներում:
Փաստեր ԴՆԹ-ի մասին.
- ԴՆԹ-ի միջազգային օրը ապրիլի 25-ն է: 1953թ. այդ օրը Nature ամսագրում տպագրվել է Ֆրենսիս Կրիկի, Ջեյմս Ուոթսոնի և համահեղինակների հոդվածը` ԴՆԹ-ի կառուցվածքի մասին:
- ԴՆԹ-ն կազմված է ընդամենը 4 կառուցվածքային միավորներից, որոնց անվանում են նուկլեոտիդներ: Դրանք են ադենինային, գուանինային, թիմինային և ցիտոզինային նուկլեոտիդները, որոնք կազմում են ԴՆԹ-ի հաջորդականությունը:
- Տարբեր մարդկանց ԴՆԹ-ների հաջորդականությունները համընկնում են 99.9%-ով, այսինքն՝ մենք բոլորս միմյանցից տարբերվում ենք մեր ԴՆԹ-ի հաջորդականության ընդամենը 0.1%-ով:
- Մարդու և շիմպանզեի ԴՆԹ-ները համընկնում են 98%-ով, իսկ մարդու և բանանի ԴՆԹ-ները` 50%-ով:
- Մարդու գենոմային ԴՆԹ-ն բաղկացած է 3.1 մլրդ նուկլեոտիդներից, որոնք կարող են պահպանել 3ԳԲ-ին համարժեք թվային ինֆորմացիա:
- ԴՆԹ-ի 1գրամում կարելի է պահպանել 700ՏԲ թվային ինֆորմացիա:
- Գեները ԴՆԹ-ի կարճ հատվածներ են, սակայն դրանք կազմում են ամբողջ ԴՆԹ-ի միայն 1-3%-ը:
- Մարդու 1 բջջի ԴՆԹ-ի գումարային երկարությունը կազմում է մոտավորապես 2մ:
- Եթե մարդու օրգանիզմի բոլոր բջիջների ԴՆԹ-ներն ապապարուրենք և ծայրերը միացնենք իրար, ապա դրանց երկարությունը կգերազանցի Երկրից մինչև Լուսին ընկած հեռավորությանը 6000 անգամ, նույնիսկ կբավարարի Երկրից մինչև Պլուտոն հասնելու և վերադառնալու համար:
- Մարդու ԴՆԹ-ի 8%-ը վիրուսային ծագում ունի, այսինքն՝ կազմված է այն վիրուսների ԴՆԹ-ներից, որոնք երբևէ վարակել են մարդուն:
- ԴՆԹ-ի մոլեկուլը շատ զգայուն է և 1 օրվա ընթացքում զանազան գործոնների ազդեցությամբ (ճառագայթում, քիմիական միացություններ և այլն) վնասվում է ավելի քան 1000 անգամ: Սակայն ԴՆԹ-ի "վերանորոգման" հզոր մեխանիզմների շնորհիվ այդ վնասումների մեծ մասը վերականգնվում է: Չվերականգնված վնասումները կարող են հանգեցնել մուտացիաների և բջիջների չարորակ ձևափոխման:
- Միջազգային տիեզերական կայանում 2008թ.-ից պահպանվում է այսպես կոչված "Անմահության սկավառակը": Այն հիշողության կրիչ է և պահպանում է ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի, կատակերգու Ստեֆան Կոլբերտի, մարզիկ Լենս Արմսթրոնգի և այլոց ԴՆԹ-ների նմուշները: "Անմահության սկավառակի" ստեղծման նպատակը մարդու ԴՆԹ-ի պահպանումն է ապագայի անկանխատեսելի համաշխարհային աղետներից:


Комментариев нет:
Отправить комментарий