24.07.2017

Նորայր Սիսակյան՝ Երկիրն ու Տիեզերքն իրար կապող գիտնականը

Կյանքն իր բնույթով, իր էությամբ հակասական և 
միաժամանակ լավատեսական երևույթ է:
Նորայր Սիսակյան

Հայազգի կենսաքիմիկոս Նորայր Մարտիրոսի Սիսակյանը ծնվել է 1907թ. հունվարի 25-ին, Աշտարակում: Վաղ տարիքից ստիպված է եղել ուսումը համատեղել աշխատանքի հետ, սակայն դժվարությունները չեն կոտրել նրա կամքի ուժն ու նպատակասլացությունը:
Նորայր Սիսակյան (1907-1966թթ.)
1928թ. Ն. Սիսակյանն ընդունվել է Երևանի պետական համալսարան, որտեղից 1 տարի անց տեղափոխվել է Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա: Գիտական գործունեության առաջին տարիներին ուսումնասիրել է շաքարների նյութափոխանակությունը, այնուհետև՝ երաշտադիմացկունության կենսաքիմիական օրինաչափությունները բույսերում: 

1936թ. Ն. Սիսակյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ նոր կազմավորված ԽՍՀՄ ԳԱ Կենսաքիմիայի ինստիտուտում, որը հետագայում անվանվել է Ա. Ն. Բախի անունով: 4 տարի անց աշխատասեր, նպատակասլաց, տաղանդավոր կենսաքիմիկոսը պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ "Երաշտադիմացկուն բույսերի կենսաքիմիական բնութագիրը" թեմայով: Այս ոլորտում նրա կատարած հետազոտությունները և ստացած արդյունքները հիմք են հանդիսացել չորադիմացկուն մշակաբույսերի նոր սորտերի ստացման համար:

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Սիսակյանին հաջողվել է մշակել բանջարեղենի և պտուղների չորացման նոր մեթոդ՝ վիտամինների պահպանմամբ: Այդ մեթոդի կիրառմամբ լուծվում է պատերազմի տարիներին էական նշանակություն ունեցող խնդիրներից մեկը: 
Նորայր Սիսակյանի հուշարձանը
Աշտարակում

Ն. Սիսակյանի ուսումնասիրությունները բույսերի ենթաբջջային կառույցների բնագավառում հիմք են հանդիսացել կենսաբանական նոր ուղղությունների, մասնավորապես՝ բույսերի ֆունկցիոնալ կենսաքիմիայի զարգացման համար:

1960-ական թվականների սկիզբը մարդկության պատմության մեջ նշանավորվեց տիեզերագնացության ոլորտում գրանցված առաջընթացով: Յու. Գագարինի, Գ. Տիտովի թռիչքները, Ա. Նիկոլաևի, Պ. Պապովիչի և Վ. Տերեշկովայի խմբային թռիչքը պատմական իրադարձություններ էին, որոնցում իր ներդրումն ուներ նաև Սիսակյանը: Նորայր Սիսակյանը համարվում է տիեզերական կենսաբանության հիմնադիրներից մեկը: Դեպի տիեզերք թռիչքների իրականացման համար կարևոր էր տարբեր տիպի իոնացնող ճառագայթների վնասակար ազդեցությունների գնահատումը մարդու օրգանիզմի վրա և համապատասխան միջոցների մշակումը ճառագայթահարման ռիսկը նվազեցնելու նպատակով: Այս ուղղությամբ ինտենսիվ հետազոտություններ էին ընթանում՝ շնորհիվ Սիսակյանի մշակած ծրագրի և անմիջական մասնակցության:
Ինչպես նշում է ակադեմիկոս Օ. Գ. Գազենկոն՝ Սիսակյանը չէր սահմանափակվում տիեզերական թռիչքների ընդհանուր կենսաբանական խնդիրներով: Նա ղեկավարում էր և անձամբ մասնակցում դեպի տիեզերք թռիչքի համար տիեզերագնացների ընտրմանը և նախապատրաստմանը, նրանց անվտանգության ապահովմանը, թռիչքի ընթացքում բժշկական վերահսկողությանը, դեպի Երկիր վերադարձին, նրանց առողջական փոփոխությունների ուսումնասիրմանը: Նրա կարծիքը որոշիչ էր այս կամ այն տիեզերագնացի թռիչքի համար:

Ն. Սիսակյանը տիեզերական կենսաբանության ոլորտում իր անգնահատելի ծառայությունների համար ընտրվել է Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի անդամ և փոխնախագահ: Ի պատիվ Նորայր Սիսակյանի Լուսնի վրա մի աշխարհագրական տարածք անվանվել է "Սիսակյանի ծով":
Ն. Սիսակյանի հիշատակին նվիրված նամականիշ
Ապրելով և աշխատելով Մոսկվայում, Ն. Սիսակյանը չէր մոռանում իր հայրենիքը: Նա Հայաստան էր գալիս Երևանի պետական համալսարանում դասախոսություններ վարելու համար: Նամակագրական կապ էր պահպանում հայազգի գիտնականների հետ: Նորայր Սիսակյանի օգնությամբ Հայաստանում ստեղծվել են կենսաքիմիական խմբեր և լաբորատորիաներ, ընդ որում՝ թեմատիկ առումով առաջատարը գինեգործության կենսաքիմիան էր: Նրա հետազոտությունները նշանակալի էին խերեսային գինիների ստացման ոլորտում:
Նորայր Սիսակյանի կիսանդրին տեղադրված է ԵՊՀ գլխավոր մասնաշենքի նախասրահում:

Սիսակյանի կյանքի էջերից մեկն էլ կապված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ: Նա եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնական գիտությունների գործնական և կոնսուլտատիվ կոմիտեի անդամ, 13-րդ նստաշրջանի նախագահ: Նրա անունը ոսկե տառերով հավերժացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մասնաշենքի վրա, Փարիզում: Սիսակյանի անունով հուշատախտակ կա նաև Մոսկվայում՝ Ա. Ն. Բախի անվան Կենսաքիմիայի ինստիտուտում:

Նորայր Սիսակյանն արժանացել է մի շարք մրցանակների՝ ԽՍՀՄ պետական, Ա. Ն. Բախի և Ի. Ի. Մեչնիկովի անվան մրցանակների, Ստալինյան մրցանակի, Պաստյորի անվան ինստիտուտի մեդալի  և այլն:

1966թ. մարտի 12-ին Նորայր Սիսակյանը վաղաժամ հեռացավ կյանքից:

Գիտնականը, որ իրար կապեց Երկիրն ու տիեզերքը՝ հիմք դնելով գիտության մի նոր բնագավառի զարգացման համար, ուղի բացեց նոր սերունդների հետազոտությունների համար, չհասցնելով իրագործել բոլոր ծրագրերը: Նրա ներդրումը գիտության մեջ անգնահատելի է, գործն ու հիշատակն՝ անմահ: 

Комментариев нет:

Отправить комментарий