Բջիջների կաննիբալիզմը կամ էնտոզն այն երևույթն է, երբ մի բջիջը կլանվում է մեկ այլ բջջի կողմից և ենթարկվում "մարսման" այնպես, ինչպես մարսվում է սնունդը: Ինչպես նշում է The Scientist-ը, այս առեղծվածային գործընթացն ուսումնասիրվել է Քեմբրիջի Բաբրահամ ինստիտուտի հետազոտողների կողմից:
![]() |
| Բջիջների կաննիբալիզմը կամ էնտոզը (Բաբրահամ ինստիտուտ), աղբյուրը՝ The Scientist |
Բջիջների կաննիբալիզմի գործընթացը նկարահանվել է մանրադիտարկման ընթացքում: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մարդու էպիթելային բջիջներում, որոնք ընկած են մարդկանց քաղցկեղների ավելի քան 80%-ի հիմքում, միմյանց կլանելու ունակությունը կարող է խթանվել բջիջների բաժանմամբ, հատկապես երբ բաժանվող բջիջները, որոնք նորմալ վիճակում ամրացած են իրենց կենսաբանական հենարանին, սկսում են անջատվել նրանից:
eLife-ում տպագրված հոդվածի արդյունքները վկայում են այն մասին, որ կաննիբալիզմը, որը հայտնի է նաև որպես էնտոզ, կարող է դանդաղեցնել բջիջների չարորակ ձևափոխումը, քանի որ նորմալ էպիթելային բջիջները կարող են կլանել և սպանել անոմալ բաժանվող հարևան բջիջներին:
Քեմբրիջի Բաբրահամ ինստիտուտից Ջո Դուրգանը նշել է. "Մենք ցանկանում էինք պարզել, թե ո՞ր սպիտակուցներն են վերահսկում քաղցկեղային բջիջների կաննիբալիզմը, բայց մանրադիտարկման ընթացքում գործընթացը նկարահանելով և վերլուծելով, մենք բոլորովին նոր մեխանիզմի հանդիպեցինք":
Օլիվեր Ֆլորին հավելել է. "Էնտոզը հետաքրքիր գործընթաց է, որը կարող է որոշակի դեր ունենալ ինչպես նորմալ ֆիզիոլոգիայում, այնպես էլ քաղցկեղի ընթացքում: "Բջիջը բջջում" կառույցների ուսումնասիրությունից 100 տարի անց ի հայտ է եկել նոր մեխանիզմ, որը կարող է նոր հայտնագործությունների բերել ինչպես նորմալ բջջի, այնպես էլ՝ քաղցկեղի կենսաբանությունում":

Комментариев нет:
Отправить комментарий