Ամերիկացի գիտնականները շտկել են սրտային հիվանդության պատճառ հանդիսացող գենի մուտացիան բեղմնավորված ձվաբջջում:
ԱՄՆ-ում առաջին անգամ իրականացվել է մարդու սաղմնային բջիջների գեների փոփոխություն: Ամերիկացի գիտնականներն օգտագործելով գենային ինժեներիայի հայտնի գործիքներից մեկը՝ CRISPR/Cas9 համակարգը, շտկել են MYBPC3 գենի մուտացիան, որն առաջացնում է հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիա կամ սրտամկանի հաստացում՝ տարիների ընթացքում: Աշխատանքի արդյունքներն օրեր առաջ հրապարակվել են Nature-ում:
![]() |
| Մարդու 2 օրական սաղմնային բջիջները Աղբյուրը՝ The Scientist |
Դեռևս 2015թ. ապրիլին չինացի գիտնականները հրապարակել էին իրենց հետազոտության արդյունքները: Նրանք առաջինն էին կիրառել CRISPR/Cas9-ը մարդու սաղմնային բջիջների գեների փոփոխման, մասնավորապես՝ բետա-թալասեմիայի պատճառ հանդիսացող գեների շտկման համար:
Նույն թվականի դեկտեմբերին Վաշինգթոնում տեղի էր ունեցել Մարդու գեների փոփոխման վերաբերյալ միջազգային համաժողով, որի ընթացքում քննարկվել էին մարդու սաղմնային բջիջների գեների փոփոխման համար CRISPR/Cas9-ի կիրառման խնդիրներն ու հարցերը: Համաժողովի արձանագրությունում նշվում է. "Անպատասխանատու կլինի շարունակել սաղմնային բջիջների գեների փոփոխումը, քանի դեռ այդ գործողության անվտանգության և արդյունավետության հարցերը պարզաբանված չեն": Կազմավորվել էր հատուկ միջազգային կոմիտե, որը պետք է զբաղվեր մարդու գենոմի փոփոխման գիտական, էթիկական և իրավական հարցերի ուսումնասիրմամբ և պարզաբանմամբ:
Կոմիտեի եզրակացության համաձայն մարդու սաղմնային բջիջների գենոմի փոփոխությունը կարելի է կիրառել, երբ այն կարող է կանխել երեխայի մոտ այնպիսի ժառանգական հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են Հանտինգտոնի հիվանդությունը, կիստոզային ֆիբրոզը, և այն դեպքում, երբ չկա այլընտրանք: Կոմիտեի զեկույցում նշվում է նաև, որ գենոմի փոփոխությունը չպետք է օգտագործվի մարդկանց այնպիսի հատկանիշների բարելավման համար, ինչպիսիք են ֆիզիկական ուժը և ինտելեկտը:
Այսպիսով, ԱՄՆ ԳԱԱ և Բժշկության ազգային ակադեմիայի փորձագետների հետազոտությամբ մարդու սաղմնային բջիջների գեների փոփոխությունն ընդհանուր առմամբ հաստատվել է, բայց գործընթացը պետք է իրականացվի խիստ վերահսկվող պայմաններում: Սակայն, CRISPR/Cas9-ի կիրառմամբ մարդու սաղմնային բջիջների գեների փոփոխության տեխնիկան դեռևս կատարելագործման կարիք ունի՝ ոչ թիրախային ազդեցություններից, այսինքն՝ սխալ տեղամասում ԴՆԹ-ի շղթաների խզումներից, ինչպես նաև նոր մուտացիաների առաջացումից խուսափելու համար: Այն հետագայում կարող է կիրառվել կլինիկայում առողջ սաղմերի քանակը մեծացնելու նպատակով:

Комментариев нет:
Отправить комментарий