18.08.2017

Գիտական տոներ և հիշարժան օրեր

Տոներն առօրյա հոգսերից կտրվելու, հանգստանալու լավագույն միջոցներից են, որոնք ուրախությամբ, ծիծաղով ու ժպիտներով են լցնում մեր կյանքը: Գոյություն ունեն բազմաթիվ ու բազմազան տոներ՝ ավանդական, ազգային, եկեղեցական և այլն: Սակայն, այս բոլորի մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գիտական տոներն ու հիշարժան օրերը: Ահա դրանցից մի քանիսը՝

Ստատիկ էլեկտրականության օրը հունվարի 9-ին է: Հավանաբար շատերն են զգացել ստատիկ էլեկտրականացումը, հատկապես ձմռանը, չոր օդի պայմաններում որևէ հաղորդչի, օրինակ՝ մետաղական իրի դիպչելիս: Ստատիկ էլեկտրականացման երևույթի էությունը հետևյալն է. 2 նյութերի միմյանց հետ շփվելու ընթացքում էլեկտրոններն անցնում են մի նյութից մյուսի մակերևույթին: Արդյունքում մի նյութի մակերևույթը դրական լիցք է ստանում, մյուսինը՝ բացասական: Այսպիսի լիցքավորվածությունը պահպանվում է, երբ նյութերն իրարից հեռացվում են: Այնուհետև, երբ այդ նյութերը շփվում է մետաղի հետ, տեղի է ունենում լիցքի չեզոքացում:

Պի (π) թվի օրը տոնում են մարտի 14-ին, ժամը 1:59:26-ին: Յուրահատուկ մաթեմատիկական հաստատունի օրը նշելու միտքն առաջարկել է ֆիզիկոս Լարի Շոուն, 1987թ.: Նա նկատել է, որ ամսաթվերն ամերիկյան ձևաչափով (ամիս/օր) գրելու դեպքում մարտի 14-ը և ժամը 1:59:26-ը համընկնում են π թվի առաջին նիշերին՝ 3.1415926: Տոնակատարությունների ժամանակ սովորաբար պատմում են պի թվի դերի մասին, պատրաստում են π-թխվածքաբլիթներ, կարկանդակներ, խաղում են π տառով սկսվող խաղեր: Հետաքրքիր է, որ 2015թ. մարտի 14-ին ժամը 9:26:53.5-ին տարեթիվն ու ժամանակը համընկել են π թվի արժեքի՝ ստորակետից հետո մինչև 10 նիշի հետ: 


Մոտավոր π թվի օրը նշվում է հուլիսի 22-ին: Ամսաթվերը եվրոպական ձևաչափով (օր/ամիս) գրելու դեպքում, եթե 22/7-ն ընդունենք որպես կոտորակ, ապա նրա մոտավոր արժեքը կհամընկնի π թվի մոտավոր արժեքի հետ:

Բունզեի այրիչի օրը  մարտի 31-ն է: Այն հիմնական լաբորատոր սարքավորումներից է, որն օգտագործվում է տաքացման, ախտահանման և այրման համար: Այրիչը կոչվել է գյուտարար և քիմիկոս Ռոբերտ Բունզեի անունով, իսկ մարտի 31-ը նրա ծննդյան օրն է: 

Վիտամին C-ի օրը ապրիլի 4-ին են նշում: Դժվար է գտնել մեկին, ով տեղյակ չէ վիտամինի C-ի օգտակարության և անհրաժեշտության մասին: Բայց այս տոնը պետք է նշել ոչ միայն ապրիլի 4-ին՝ սննդաբաժնում վիտամին C-ի բավարար քանակն ապահովելով, այլև ամեն օր, վիտամին C-ով հարուստ սնունդ օգտագործելով:

ԴՆԹ-ի միջազգային օրը նշվում է ապրիլի 25-ին՝ ի հիշատակ ԴՆԹ-ի կառուցվածքի մասին 1953թ. ապրիլի 25-ին Nature ամսագրում Ֆրենսիս Կրիկի, Ջեյմս Ուոթսոնի և համահեղինակների հոդվածի տպագրման: Բացի այդ 2003թ. ապրիլ ամսին է ավարտվել նաև "Մարդու գենոմ ծրագիրը", որի նպատակը մարդու ԴՆԹ-ն կազմող նուկլեոտիդների հաջորդականության որոշումն էր և գեների նույնականացումը:

Կենսաբանական ժամացույցի օրը ապրիլի 28-ն է: Մարդկանց օրգանիզմը, ինչպես նաև կենդանի օրգանիզմների մեծամասնությունն (կենդանիները, բույսերը, սնկերը և նույնիսկ ցիանոբակտերիաները) օժտված են կենսաբանական ժամացույցով, որն անվանում են նաև ցիրկադային ժամացույց: Այն մեր օրգանիզմի ներքին մեխանիզմն է, որը կարգավորում է այնպիսի ռիթմիկ և պարբերական գործընթացները, ինչպիսիք են քնելը և արթնանալը: Ցիրկադային ժամացույցի շնորհիվ կենսաբանական գործընթացները համապատասխանեցվում են օրական ռիթմերի հետ: Ներկայումս քնի անկանոն ռեժիմը լայն տարածում ունի: Նման օրվա առկայությունը լավ առիթ է կենսակերպի վերանայման և քնի նորմալ ռեժիմի վերականգնման համար:

Կենսադիզելի միջազգային օրը օգոստոսի 10-ն է: Կենսադիզելային վառելիքը հիմնականում ստացվում է բուսայուղերից կամ կենդանական ճարպերից՝ տրանսէսթերիֆիկացման ռեակցիայով: Բուսայուղի տրանսէսթերիֆիկացումն առաջին անգամ իրականացվել է 1853թ. Պատրիկ Դաֆֆիի կողմից, սակայն այդ ժամանակ այն գործնական կիրառություն չի ստացել: Միայն 4 տասնամյակ անց՝ 1893թ. օգոստոսի 10-ին Ռուդոլֆ Դիզելի կողմից ներկայացված դիզելային շարժիչի գործարկումից հետո նոր ուղի է բացվում բուսայուղերի վրա հիմնված կենսավառելիքի ստացման համար: Հաճախ նշվում է, որ Ռ. Դիզելը շարժիչի իր մոդելը նախագծել է գետնանուշի յուղով աշխատելու համար, սակայն դա այդպես չէ: Պարզապես շարժիչի ցուցադրության ժամանակ ֆրանսիական կառավարությունից առաջարկ է ստացվել՝ շարժիչը փորձարկել գետնանուշի յուղով: 1912թ. իր ելույթներից մեկի ժամանակ Դիզելը նշել է. "...այսօր շարժիչային վառելիքի ստացման համար որպես հումք բուսայուղերի օգտագործումը կարող է անկարևոր թվալ, սակայն ժամանակի ընթացքում դրանք կդառնան այնքան կարևոր, ինչքան ներկայումս կերոսինը և քարածխային խեժի մշակման արգասիքներն են...":

Ռենտգենյան կամ X-ճառագայթների օրը նշվում է նոյեմբերի 8-ին: 1895թ. այդ օրը ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը հայտնաբերեց ճառագայթների նոր տեսակ, որոնց անվանեց X-ճառագայթներ: Պատահական հայտնագործությունը նշանակալի էր գիտության զարգացման և մարդկության պատմության մեջ: Այդ ճառագայթների կիրառումը բժշկության մեջ հիմք դրեց մի նոր ճյուղի՝ ռադիոլոգիայի զարգացման համար: 2012 թվականից նոյեմբերի 8-ը համարվում է նաև ռադիոլոգիայի միջազգային օր: Ներկայումս ռենտգենյան ճառագայթները լայն կիրառություն ունեն, իսկ նոյեմբերի 8-ը ևս մեկ առիթ է դրանց բնույթի, դերի և կիրառության մասին խոսելու համար:

Մոլի օրը նշվում է հոկտեմբերի 23-ին (10/23)՝ առավոտյան 6:02-ից մինչև երեկոյան 6:02-ը: Օրվա և ժամի ընտրությունը պայմանավորված է Ավոգադրոյի թվով, որը մոտավորապես հավասար է 6.02 × 1023-ի: Այն ցույց է տալիս նյութի 1 մոլում պարունակվող կառուցվածքային մասնիկների (ատոմ կամ մոլեկուլ) թիվը: Շատ դպրոցներում այդ օրը նշվում է խաղերի, հետաքրքիր մրցույթների կազմակերպմամբ՝ սովորողների մոտ քիմիայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար:
Որոշ դպրոցներում Մոլի օրը նշվում է հունիսի 2-ին (6/02)՝ առավոտյան 10:23-ից մինչև երեկոյան 10:23-ը:

Քառակուսի արմատի օրը 1 հարյուրամյակի ընթացքում նշվում է 9 անգամ: Դա այն օրն է, երբ ամսաթիվն ու ամսվա հերթական համարը հանդիսանում են տարեթվի վերջին 2 նիշերի քառակուսի արմատ: Առաջին անգամ այս տոնը նշվել է 1981թ. սեպտեմբերի 9-ին, իսկ տոնի գաղափարն առաջարկել է դպրոցի ուսուցիչ Ռոն Գորդոնը (ԱՄՆ, Կալիֆորնիա): Վերջին անգամ քառակուսի արմատի օրը նշվել է 4.04.14թ., իսկ հաջորդ անգամ կնշվի 5.05.25թ.:

Աղբյուրը՝  Days of the Year

Комментариев нет:

Отправить комментарий